Առաջին համաշխարհային պատերազմ։
Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար[2], մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ[3][4]։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն[6]։
Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո։ Վեցհոգանոց բոսնիացի ազգայնականներ «Մլադա Բոսնիա» ազգայնական խմբավորումից, որոնք հովանավորվում էին սերբիական «Սև ձեռք» կազմակերպության կողմից, հավաքվեցին նույն փողոցում, որտեղ հանգրվանելու էր Ֆերդինանդը։ Նրանցից մեկը ձեռքի նռնակ նետեց Ֆերդինանդի մեքենայի տակ, բայց վրիպեց։ Մոտակայքում որոշ մարդիկ վիրավորվեցին, բայց Ֆերդինանդի շարասյունը շարունակեց ընթացքը։ Մյուս մահափորձը նույնպես ձախողվեց, քանի որ մեքենաները կանգ չառան։ Մեկ ժամ անց, երբ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Սարաևոյի հիվանդանոց մահափորձից տուժածներին տեսակցության, նրա շարասյունը սխալ շրջադարձ կատարեց փողոցում, որտեղ կանգնած էր Պրինցիպը։ Ատրճանակով Պրինցիպը գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը։ Ավստրիայի բնակչության շրջանում արձագանքը եղավ թույլ և անտարբեր։ Ինչպես պատմաբան Զբինեկ Զեմանը ավելի ուշ գրեց, «ժողովուրդը բավական անտարբեր էր այս սպանությունից հետո։ Կիրակի և երկուշաբթի (28 և 29 հունիս), ողջ Վիեննան լսում էր երաժշտություն և խմում էր գինի»[30][31]։
Ընթացք
Կենտրոնական ուժերի ռազմավարությունը տուժեց փոխըմբռնման բացակայությամբ։ Գերմանիան խոստացել էր աջակցել Ավստրո-Հունգարիային նվաճել Սերբիան, բայց գործնականում խոստումը չկատարեց։ Սկզբում հարձակվողական պլանը հաստատվեց 1914 թվականի սկզբին, բայց այն տեստավորում չէր անցել։ Ավստրո-հունագարացիները հավատում էին, որ Գերմանիան կփակի հյուսիսային ճակատը ռուսներից[46]։ Սակայն Գերմանիան կարծում էր, որ Ավստրո-Հունգարիան իր ուժերը կկենտրոնացնի ռուսների դեմ, իսկ Գերմանիային կմնա հարձակվել Ֆրանսիայի վրա։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր զորքերը բաժանել ռուսական և սերբական ճակատների միջև։
Հայերի մասնակցությունը առաջին աշխարհամարտին
1914 թվականի օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։ Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը[302]։
1918 թվականի մայիսի 28-ին Հայասատանի Հանրապետության հռչակումից հետո մինչև համաշխարհային պատերազմի վերջը հայ ժողվուորդը պատերազմին մասնակցել է որպես պետականություն ունեցող ազգ և շարունակել է մնալ Անտանտի պետությունների դաշնակիցը։