Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն: Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:
Առաջադրանքներ
1․ Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
2.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Բ. Վախ, կամ, մոտ:
Գ. Հաս, անց, հագ:
Դ-. Թիռ, սառ, կիպ:
3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել: