Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։
1. Հուստինիանոս Ա-ն, Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմանականացնելու նպատակով, ձեռնարկել է զինվորական, վարչական և տնտեսական բարեփոխումներ։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական 4 միավոր՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է (536-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։
2. 558 թվականի մայիսի 1-ին տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որից փլուզվում է տաճարի մոտ 31.5 մետր տրամագծով գմբեթը: Հուստինիանոսը կարգադրում է նոր գմբեթ կառուցել, և քանի որ արդեն մահացած էին Անթիմոսն ու Իսիդորը, գործը հանձն է առնում վերջինիս եղբայրը՝ Իսիդոր Կրտսերը: Նրա կառուցած գմբեթը կանգուն մնաց բավականին երկար ժամանակ, անգամ դիմացավ 869 թվականի երկրաշարժին, բայց փլուզվեց 986 թվականի երկրաշարժին: Ահա, դրանից հետո էր, որ մեր նշանավոր ճարտարապետը հրավիրվեց Կոստանդնուպոլիս՝ դարձյալ վերակառուցելու համար Սուրբ Սոֆիայի գմբեթը: Այս մասին տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Ասողիկ Տարոնեցի պատմիչը: Հայտնի է, որ կառուցման աշխատանքները կարգավորելու համար Տրդատը նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ նա լուծում է ճարտարապետական խնդիրները: Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար: Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր: Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը վերականգնման այլ աշխատանքներ էլ է կատարել, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը վերից վար ճաք էր տվել: Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի: Սուրբ Սոֆիայի տաճարում Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում է 10-11-րդ դարերի հայոց շինարարական մշակույթի զարգացման աստիճանը: Թեև հայտնի է, որ այդ ժամանակներում Հայաստանում այդպիսի մեծ գմբեթներ չէին կառուցում, սակայն սա ցույց է տալիս, որ դրանց կառուցման եղանակներն ու ճարտարապետական լուծումները խորթ չէին հայ ճարտարապետներին: Իսկ որպեսզի Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում այդպիսի պատասխանատու պատվեր ստանար, պարզ է, որ Տրդատը պետք է առաջնակարգ ճարտարապետի մեծ համբավ ունենար: Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ մինչև Տրդատին հրավիրելը, հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել: