Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Վարդավառը նշում են նաև կրոնափոխ եղած